Քրդագետ, ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես աշխարհի գրեթե բոլոր նավթ արտահանող երկրները, Իրաքյան Քրդստանը ևս հայացքն ուղղել է ոչ թե նավթահորերը, այլ՝ գյուղատնտեսությունը: Իրաքյան Քրդստանում թագավարակի կանխարգելման հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը ես նմանեցնում եմ մեր 90-ականներին: Այս երկիրը էներգետիկ առումով ինքնաբավ չէ, այստեղ կարելի է ասել, էլեկտրաէներգիա չի արտադրվում: Էրբիլը ևս միացել է արտահանվող նավթի ծավալների կրճատման ծրագրին, իսկ դա շատ վատ է անդրադարձել Իրաքյան Քրդստանի տնտեսության վրա: Այսօր փորձ է արվում անասնապահությունն ու գյուղատնտեսությունը զարգացնել, սակայն այստեղ ևս խնդիր ունեն: Թուրքիան իր ձեռքում է կենտրոնացրել ամբողջ ջրային ավազանը և դե ֆակտո Իրաքյան Քրդստանին գցել կախման մեջ թե՛ ոռոգման, թե՛ խմելու ջրի հետ կապված: Այսօր նավթից առավել պահանջված և «թանկարժեք» ջուրն է դարձել այս երկրում:

Ինչպես ասացի, էներգետիկ առումով ևս ինքնաբավ չէ, և այժմ կառավարությունը մտադիր է ներդրումային ծրագրերով երկրում ստեղծել հողմային էներգետիկ բազա, թե որքանով այն հաջողված կլինի, կամ որքանով իրեն կարդարացնի, դա տնտեսագետների գործն է, բայց ես ևս մեկ անգամ փաստում եմ, որ նավթային հանքահորերով հարուստ Իրաքյան Քրդստանն այսօր կենսական նշանակություն ունեցող բնական պաշարների լուրջ խնդիր ունի: Վերջերս Էրբիլի կառավարության նիստերից մեկի ժամանակ օրինակ է բերվել Հայաստանը, թե որքան ինքնաբավ է, մի բան էլ՝ արտահանող էներգետիկ առումով, և թե ինչպե՞ս է իր ջրային ռեսուրսներն օգտագործում նպատակային»: