Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում, այդ թվում՝ ուսուցչի տներում, բնակելի շենքերում առկա ազատ տարածքները հատկացնել այնտեղ հաշվառված և փաստացի բնակվող քաղաքացիներին: Ծրագրից կարողանալու են օգտվել միայն Հայաստանի քաղաքացիները, իսկ նպատակը՝ նրանց բնակարանային պայմանները բարելավելն է։

Նման նախագիծ է ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Ծրագրի շահառու են համարվելու հանրակացարանային բնակելի տարածքներում բնակվող այն քաղաքացիները, որոնց ընտանիքը բաղկացած է 3 և ավելի անձից և բնակտարածքի մակերեսը չի համապատասխանում մեկ շնչի համար սահմանված պահանջներին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում բնակվող քաղաքացիների սոցիալական վիճակների ուսումնասիրության արդյունքում բացահայել են թերություններ։ Այդ իսկ պատճառով որոշվել է նրանց բնակարանային պայմանները բարելավվելու նպատակով հավելյալ տարածքներ հատկացնել։

Հատկացման գործընթացը կանոնակարգելու նպատակով կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով։ Դրա կազմում կընգրկվեն պետական գույքի կառավարման կոմիտեից, տարածքային կառավարման և ենթակառուցվածքներից, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից, միգրացիոն ծառայությունից, կադաստրի կոմիտեից, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից անդամներ։

Քաղաքացին դիմում կներկայացնի պետական գույքի կառվարման կոմիտե և մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրվի նրա ներկայացրած տեղեկատվությունը, ապա դիմումը կփոխանցվի հանձնաժողովին։

Եթե տվյալ տարածքի համար առկա կլինի մեկ դիմում, հանձնաժողովը կորոշվի այդ տարածքը տրամադրել միակ դիմողին։ Իսկ եթե տվյալ տարածքի համար կդիմի մեկից ավելի շահառու, հանձնաժողովը շահառուի ընտրություն կիրականացվի հետևյալ առաջնահերթությամբ՝

1) փաստացի բնակության մակերեսը ընտանիքի մեկ շնչի համար համեմատական տեսանկյունից կազմում է նվազագույնը

2) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ունի ավելի բարձր միավոր

3) ընտանիքում գերակշռում են անչափահաս երեխաների թիվը

4) ընտանիքում առկա է հաշմանդամության կարգ ունեցող երեխա

5) ընտանիքում առկա հաշմանդամություն ունեցող անձ և հաշմանդամության կարգը ավելի բարձր է։