Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է.

«Ակնհայտ է, որ Արցախի հարցում քաղաքական պատվեր է իրականացվում: Տեսեք՝ այսպես կոչված Լավրովի պլանի վերջին արարքները պետք է լինեն «խաղաղապահների» անվան տակ փաստացի ռուսական զորքի հայտնվելն Արցախում և այնուհետև նրանց վերահսկման ներքո «հանրաքվեի» իրականացում: Բայց չի ասվում, թե դա ի՞նչ հանրաքվե է լինելու, այդ հարցում ոչ մի հստակեցում չկա:

Եվ իրոք, ի՞նչ է ասելու «անկախ» Արցախի «ինքնորոշված» հայ ժողովուրդը՝ որ Հայաստանի սահմանների մեջ ներառված լինելով՝ իրենք իրենցից առանձին էթնոս են ներկայացնո՞ւմ: Աբսուրդ է, չէ՞: Դա, թերևս, կարելի կլիներ հասկանալ, եթե ինքնորոշման հայտ ներկայացներ, ասենք, սիրիական Քեսաբի հայաբնակ շրջանը: Եվ ահա այդ առեղծվածը հասկանալու համար հիշենք Ղրիմի հանրաքվեն, գուցեև սպասվող Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Դոնբասի, Մերձդնեստրի և այլ ապագա «հանրաքվեները», որոնք անց են կացվելու միանշանակ նախապես ռուսական անձնագրեր բաժանելուց հետո (համապատասխան օրենքը Ռուսաստանում ընդունված է): Այդ ամենից հետո, կարծում եմ, ամեն ինչ արդեն ակնհայտ է դառնում: Այո՛, գործնականում դա լինելու է «հանրաքվե»՝ ռուսական նեոկայսրության «անբաժան» մասը դառնալու նպատակով:

Դե Հայաստանի հարցն էլ այդ դեպքում արդեն ինքնըստինքյան կլուծվի՝ առաջին անգամը հո չի՞»: