Այսօր առավոտից Նոյեմբերյան համայնքում լուրեր էին պտտվում, որ Բերդավան գյուղ եկած և մայիսի 9-ին թաղման արարողությանը մասնակցած տղամարդու կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Կինը Երևանից Բերդավան չի եկել։

Հիշեցնենք, որ Բերդավան գյուղը Նոյեմբերյան խոշորացված համայնքի կազմի մեջ է։ Մինչ այժմ Նոյեմբերյան համայնքում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել։

Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը «Հետքի» հետ զրույցում նշել է, որ գյուղում մեկուսացված անձ չկա, վարակակրի ամուսնու մոտ կորոնավիրուսի սիմպտոմներ չկան։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Տավուշի մասնաճյուղի տնօրեն Արմեն Նազինյանը «Հետքի» հետ զրույցում տեղեկացրել է, որ տղամարդը և նրա դուստրը թեստավորվել են, պատասխանները դեռևս հայտնի չեն։

«Հարկ է նշել, որ հիվանդը չի մասնակցել թաղման արարողությանը, իսկ ամուսինը առողջ է, հնարավոր է՝ հետագայում հիվանդանա։ Նրա աղջիկն ինքնամեկուսացված է Նոյեմբերյանում, իսկ տղամարդը Երևան է տեղափոխվել։ Նրանք նմուշառվել են, որ իմանանք վտանգ կա, թե չէ», - նշել է Արմեն Նազինյանը՝ հավելելով, որ հիվանդի աղջիկը մոր հետ վերջին անգամ շփվել է ամսի 5-ին։

Ըստ նրա՝ ինքնամեկուսացված գյուղացիներ չկան, սակայն հավաքագրվել է այն մարդկանց ցանկը, որոնք սերտ շփում են ունեցել թաղման մասնակցած տղամարդու հետ։ Այդ թիվը մոտ 20 է։

«Էդ մարդը ոչ մի գանգատ չունի, բայց կանխարգելելու համար հետազոտում ենք», - հավելել է Ա. Նազինյանը։

Նշենք, որ Տավուշի մարզում մինչև այժմ գրանցված կորոնավիրուսով վարակման 20 դեպք է եղել, 10- ը առողջացել են։