Անհայտ անձը կամ անձինք շարքից հանել են Արմավիրում գործող Ucom-ի 4G+ բջջային կապն ապահովող կայաններից մեկը՝ կտրելով դրա աշխատանքն ապահովող օպտիկական մալուխն ու հարակից լարերը, լրջորեն վնասելով կայանի տարբեր մասերը։

Նշվում է, որ բջջային կայանը տեղակայված է ՀՀ-ում գործող մյուս օպերատորների բջջային կայանների անմիջական հարևանությամբ, որոնք անվնաս են մնացել։

«Շարքից հանված է հենց Ucom-ի շարժական կապն ապահովող բջջային կայանը։ Անհայտ անձը կամ անձինք խոշոր չափի վնաս են պատճառել ընկերությանը և այդ քայլով՝ զրկել Արմավիրում բնակվող մեր բաժանորդներին կապի մեջ մնալու, առցանց կրթվելու և աշխատելու հնարավորությունից։ Իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդում է տրվել, նախաքննությունն ընթանում է, շարժառիթները պարզվում են»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։