Տավուշի Բերքաբեր գյուղի գնդակոծության զեկույցը կուղարկվի մարդու իրավունքների միջազգային կառույցներին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Տավուշի մարզի Բերքաբեր գյուղը ենթարկվել է գնդակոծության։ Նման դեպքերը պահանջում են անհապաղ արձագանք»: Ընդ որում, անհրաժեշտ է բացառապես պրոֆեսիոնալ աշխատանք ու որքան էլ բարդ է զայրույթը զսպելը, չպետք է տրվել էմոցինաների: Մենք ընդամենը 2 օրում հասցրինք իրականացնել փաստահավաք աշխատանքներ ու կազմել արտահերթ զեկույց»,- ասվում է գրառման մեջ։

Զեկույցը պարունակում է հետևյալ հիմնական հետևությունները՝

1) գնդակոծությունը տեղի է ունեցել քաղաքացիական խաղաղ բնակավայրի, այն է՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ՝ ցերեկային ժամի՝ 13:00-14:00-ի սահմաններում.

2) գնդակոծությունը տեղի է ունեցել խոշոր տրամաչափի զինատեսակի կիրառությամբ.

3) գնդակոծությունն առաջացրել է վախ երեխաների և անհանգստություն նրանց ծնողների մոտ.

4) գնդակոծությունն առաջացրել է երեխաների ծնողների անհանգստությունը՝ նման միջադեպի անկանխատեսելիության և անորոշության պատճառով.

5) կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման և դրա տարածման դեմ պայքարի համընդհանուր կանոններն ակնհայտորեն վկայում են գնդակոծությամբ Հայաստանի քաղաքացիական խաղաղ բնակավայրին՝ Բերքաբեր գյուղին և գյուղի բնակիչների կյանքին և առողջությանը, նրանց գույքին վնաս հասցնելու մտադրության մասին.

6) գնդակոծությունը տեղի է ունեցել գյուղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների և տարեցների կյանքի ու առողջության, նրանց գույքի համար ակնհայտ վտանգավոր եղանակով.

7) 2020 թվականին Հայաստանի խաղաղ բնակավայրերը գնդակոծելու արդեն իսկ արձանագրված մի շարք դեպքերը վկայում են դրանց կրկնվելու իրական վտանգի մասին:

Արտահերթ զեկույցը կուղարկվի նաև ՀՀ Ազգային ժողով (բոլոր պատգամավորներին, ինչպես միշտ է արվել) և Արտաքին գործերի նախարարություն: