ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին, ասել է, որ Բաքուն զորավարժությունների մասին նախապես չէր հայտարարել։

«Առանց պլանավորելու այս ծավալի զորավարժություն հնարավոր չէր անել»,- հավելել է նա, գրում է «Պանորամա»-ն։

Փոխնախարարը չի բացահայտել՝ ՀՀ-ն ունեցել է տեղեկատվություն այդ զորավարժությունների անցկացման մասին, թե` ոչ, քանի որ դա շատ հետաքրքիր է հակառակորդին։

«Այդ զորավարժությունների մասին որևէ հայտարարություն չի եղել, սակայն Ադրբեջանը, որպես ԵԱՀԿ անդամ պետություն, ունի պարտավորություններ՝ իրազեկում իրականացնելու։ Բայց մենք սովոր ենք Ադրբեջանի նման գործելաոճին, և հայկական սահմաններում դա որևէ լարվածություն չի առաջացրել։ Եթե մենք զգանք, որ ՀՀ-ի կամ Արցախի անվտանգությանը սպառնում են Ադրբեջանի գործողություններն ու զորավարժությունները, կանխարգելիչ միջոցառումներ ենք տեղում ձեռնարկելու։ Կարծում եմ՝ միջազգային հանրությունը այդ մասին քաջատեղյակ է, քանի որ մենք նախօրոք հայտարարել ենք դրա մասին»,- պարզաբանել է Բալայանը։

Նրա խոսքով, հայկական կողմը որևէ արտակարգ միջոցառում չի ձեռնարկել, բայց զորքերը զգոն են։

Այնուամենայնիվ, Բալայանն ասել է, որ այդ զորավարժություններն իրականացվում են ՀՀ-ի և Արցախի պաշտպանության բանակի անմիջական վերահսկողության ներքո։

«Հակառակորդի տեղաշարժի, շփման գծի փոփոխությունների, կատարվող ինժեներական աշխատանքների կամ տեխնիկայի մասով մենք ամենօրյա ռեժիմով վերահսկողություն ենք իրականացնում։ Այս պահին մենք չենք զգում, որ այդ զորավարժություններն անմիջական վտանգ են ներկայացնում ՀՀ-ի և Արցախի անվտանգության համար», - նշել է նա։