Արցախի նորընտիր 7-րդ գումարման խորհրդարանը Ազգային ժողովի նախագահ է ընտրել «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանին:

Նա փակ քվեարկության արդյունքում ստացել է 29 կողմ, 4 դեմ ձայներ։ Այս մասին գրում է «Արցախպրես»-ը։

Իր խոսքում Թովմասյանը շնորհավորել է նորընտիր խորհրդարան անցած քաղաքական բոլոր ուժերին և մաղթել բեղմնավոր աշխատանք: Նա շնորհակալություն է հայտնել նախորդ երեք գումարումների ԱԺ ղեկավար Աշոտ Ղուլյանին՝ համատեղ երկարատև աշխատանքի համար:

Նա նշել է, որ առաջնահերթ պետք է ՀՀ Ազգային ժողովի հետ ստորագրել նոր Արցախ-Հայաստան միջխորհրդարանական պայմանագիր և տարեկան ունենալ միջխորհրդարանական 4 նիստ՝ ներկայիս 2-ի փոխարեն: Թովմասյանը հայտնել է, որ պետք է խորհրդարանական կապերն ընդլայնել օտարեկրյա խորհրդարանների հետ:

Ազգային ժողովի նորընտիր նախագահը կարևորել է նաև ընդդիմության դերը՝ Արցախի պետականաշինության կայացման գործում և նշել, որ պետք է քննադատել ոչ թե անձերին, այլ նրանց կատարած աշխատանքը: