Գերմանիայի դաշնային կառավարությունը նախատեսում է առնվազն մինչև հուլիսի 5-ը երկարաձգել սոցիալական հեռավորության պահպանման ռեժիմը, որը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ը։ Այն մշակվել է Դաշնային կանցլերի աշխատակազմի ղեկավար Հելգե Բրաունի կողմից։

Երկուշաբթի օրը՝ մայիսի 25-ին աշխատանքային փաստաթուղթն ստացել են գերմանական ԶԼՄ-ները և տեղեկատվական գործակալությունները։ Նախատեսվում է, որ այն կքննարկվի առանձին դաշնային հողերի ղեկավարությունների հետ։

Փաստաթղթով նախատեսվում է մինչև հուլիսի 5-ը երկարաձգել առանձին անձանց միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորության պահպանման ռեժիմը, ինչպես նաև հանրային որոշ վայրերում, ներառյալ մթերային խանութներում և տրանսպորտում, դիմակներով մուտքը։ Բացի այդ, տնային պայմաններում և փակ հաստատություններում, ինչպես նաև հանրային վայրերում մասնավոր հավաքներին միաժամանակ կարող է մասնակցել մինչև 10 մարդ կամ էլ երկու տնային տնտեսությունների անդամները։

Թյուրինգիայի դաշնային հողի վարչապետ Բոդո Ռամելովը չի բացառել, որ հունիսի 6-ից հողն ամբողջությամբ կհրաժարվի գործող սահմանափակումներից, որոնց գործունեության ժամկետը ավելի վաղ համաձայնեցվել էր դաշնային իշխանությունների հետ և գործելու էր մինչև հունիսի 5-ը։ Հողի ղեկավարը հայտարարել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի այն դեպքում, եթե իրավիճակի կայունացումը շարունակական լինի։ Այդուհանդերձ, Ռամելովը չի բացառել, որ կպահպանվի դիմակի կրման պահանջը։ Թյուրինգիայի օրինակին ցանկանում է հետևել նաև Սաքսոնիան։