Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ՀՀ-ում բավականին ծանր վիճակ է, երկրորդ ալիքի հետ գործ ունենք, և հավելել, որ փորձում են հասկանալ դրա պատճառները։

Վարչապետն ասել է, որ մի քանի օր է՝ քննվում է հարցը, թե որքանո՞վ են պարետատան սահմանած կանոնները համապատասխանում իրավիճակին և ինչքանո՞վ կարող են դրանք ունիվերսալ լինել։ Փաշինյանի խոսքով՝ այդ կանոնները համարժեք են իրավիճակին, բովանդակային են և էֆեկտիվ։

Վարչապետը նշել է, որ ձեռքերի կանոնավոր լվացման, դիմակի կրման և սոցիալական հեռավորության պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլև կձգտի 0-ի։ Փաշինյանը հայտնել է, որ մասնավորապես դիմակի կրման հետ կապված կանոնը չպահպանելու դեպքում վարչական լծակներ կկիրառվեն, դրանք կխստացվեն։

Փաշինյանը նշել է, որ խստացված հսկողություն կսահմանվի միջմարզային ճանապարհներին ու անցակետերում՝ ստուգելու համար կանոնների պահպանումը։