Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ ստեղծվելու է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն, ինչպես նաև՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն։

Հարությունյանը հայտարարել է, որ ռազմահայրենասիրությունը և բանակ-հասարակություն կապը լինելու են նոր կառավարության գլխավոր ուղղություններից մեկը, քանի որ կա գլխավոր մարտահրավերը՝ արցախյան հիմնախնդիրը։

«Ցանկացած տնտեսական հաջողություն, սոցիալական ծրագրեր գրոշի արժեք չունեն, եթե երկրում բացակայում է համերաշխությունը, և եթե ստորադասվում է արցախյան հիմնախնդիրը»,- ասել է նա։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կազմում կընդգրկվի նաև բնական ռեսուրսների ոլորտը: Իսկ նախագահի վերահսկողական ծառայությունը կվերափոխվի պետական վերահսկողական ծառայության:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է նաև, որ պետք է վերանա խնամի-ծանոթ-բարեկամ գործոնը։

«Նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Կարեն Դանիելյանին հանձնարարել եմ՝ բոլոր այն կառույցներում, որտեղ կա հարազատների ուղղակի ենթակայություն, 7-օրյա ընթացքում լուծել այդ խնդիրը»,- ասել է նա։