Կառավարության մայիսի 27-ի նիստում ընդունվեց որոշում, որով կմեկնարկի Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանով ապահովման ծրագրի երկրորդ փուլը բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման միջոցով։ Նախատեսվում է 2 մլրդ 169 մլն 750 հազար դրամն ուղղել Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակապահովման հարցի լուծմանը։

Նախորդ փուլում՝ 2019թ-ին, 1,5 մլրդ դրամ հատկացվել է Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում նույն խնդրի լուծման համար։ Նախորդ որոշմամբ՝ 112 ընտանիքի համար, այս որոշմամբ՝ 185 ընտանիքների բնակապահովման համար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքով պայմանավորված նախատեսվում է երկարաձգել ԲԳՎ-ների համար սահմանված ժամկետը։

Աջակցությունից կարող են օգտվել Ադրբեջանից բռնագաղթած այն ընտանիքները, որոնք համապատասխանում են Կառավարության 2004 թվականի որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին (այդ թվում, ովքեր հաշվառվել են Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության կողմից 2003 թվականի փոխարեն 2005 թվականին և 2008 թվականին):

Այն անձինք, ովքեր բնակարանի գնման վկայագրի տրման պահին թեև Հայաստանի քաղաքացիություն ձեռք չեն բերել, սակայն ներկայացրել են ոստիկանության կողմից անհատական ծածկագրով ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումն ընդունված լինելու վերաբերյալ թերթիկ կամ տեղեկանք, որով հավաստվում է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալն ընթացքի մեջ գտնվելու փաստը, կարող են ստանալ բնակարանի գնման վկայագիր։ Նշված անձանց բնակարանի գնման վկայագրի հիման վրա սույն կարգի 38-րդ կետով սահմանված հասանելիք դրամական միջոցների 40 տոկոսը կփոխանցվի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելուց հետո ընդհանուր կարգով։

Աջակցությունից օգտվելու շահառու չեն հանդիսանում այն անձինք, ովքեր ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարան կամ այն օտարել են սույն որոշման ընդունմանը նախորդող 10 տարիների ընթացքում:

Վարչապետը հետաքրքրվեց, թե ինչքան գումար է հատկացվելու յուրաքանչյուր ընտանիքի։

Նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ գումարի չափը կախված է ընտանիքի անդամների թվից, բնակարանի մակերեսից․

«Գումարի չափն այնքան է, որ բավականացնում է Երևան քաղաքի տարբեր հատվածներում բնակարան գնելու համար»,- ասաց նախարարը։