Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը հաստատվեց Կառավարության մայիսի 27-ի նիստում։ Օժանդակության նպատակն է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել զրոյից բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը, և շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը:

Շահառու են հանդիսանում Հայաստանի տարածքում գրանցված այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ` մանրածախ և մեծածախ ոլորտում գործունեությունը), որոնք`

  • համապատասխանում են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին,
  • աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվոք հարկային և վարկային պատմություն,
  • գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում,
  • չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու, եթե դիմել են սույն միջոցառման սկսնակների համար աջակցությանը.
  • մինչև աջակցության հայտ ներկայացնելու օրը առնվազն 24 ամիսների ընթացքում հանդիսացել են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով իրականացվող պետական ֆինանսական աջակցության շահառու, եթե դիմել են միջոցառման նորարարական զարգացման աջակցությանը:

Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների 75 %-ը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով անտոկոս փոխառություն, իսկ 25 %-ը՝ որպես դրամաշնորհ։

Միջոցառումն իրականացվում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով` արտոնյալ վարկավորման նպատակով երաշխիքների տրամադրման եղանակով: Վարկավորումն իրականացվում է ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերի և վարկային հաստատությունների կողմից:

Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`

  • արժույթը` ՀՀ դրամ,
  • ժամկետը` առավելագույնը 60 ամիս,
  • վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար.
  • մեկ շահառուի վարկի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն դրամ` սկսնակների համար և 20 մլն դրամ (հանրագումարով)` նորարարական զարգացման շահառուների համար.
  • վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը` 7 %-ից 10 %:

«Ծրագրի շահառու հիմնականում կլինեն այն կազմակերպությունները, որոնք ներգրավված են կամ ծրագրեր են իրականացնում ծառայությունների մատուցման տարբեր բնագավառներում կամ մշակող արդյունաբերության մեջ։ Աջակցությունն առավելապես ուղղված կլինի Երևանից դուրս իրականացվող գործունեությանը»,- նշել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։