ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Twitter» սոցիալական կայքի հետ ունեցած կոնֆլիկտը նոր թափ է հավաքում։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ Այն բանից հետո, երբ ընկերության ներկայացուցիչները մայիսի 26-ին Թրամփի երկու գրառումները պիտակել էին որպես «ապակողմնորոշիչ», Սպիտակ տան առաջնորդը հայտարարել է, որ «Twitter-ը ամբողջությամբ ոտնահարում է ազատ խոսքը» և խոստացել որպես ԱՄՆ նախագահ թույլ չտալ այդ ամենը։

Չորեքշաբթի օրը՝ մայիսի 27-ին, Թրամփը կոնկրետացրել է իր նախազգուշացումն ընկերությանը։ «Հանրապետականները կասկածում են, որ սոցիալական ԶԼՄ-ները փորձում են լռեցնել պահպանողական կարծիքները։ Մենք այն լրջորեն կվերահսկենք կամ էլ կփակենք՝ թույլ չտալով նման երևույթի իրականանալը»։ Այս հայտարարությունն ԱՄՆ նախագահ գրառել է «Twitter»-ի իր միկրոբլոգում։

Թրամփի գրառումներում, որոնք սոցիալական կայքը ճանաչել է որպես «ապակողմնորոշիչ» խոսվում էր այն մասին, որ Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները միտված են ընտրողներին ուղարկել քվեաթերթիկները՝ փոստային ծառայության միջոցով։ Թրամփը հայտարարել էր, որ այդպիսի պրակտիկան սպառնում է արդյունքների «նկարմանը»։ Թրամփը ենթադրել էր, որ փաստաթղթերը կարող են գողացվել փոստային արկղից, կեղծվել կամ ստորագրել ուրիշների կողմից։

Սոցիալական կայքի աշխատակիցները հայտարարել են, որ Թրամփը անհիմն հայտարարություններ է անում այն մասին, որ փոստով ընտրությունները կհանգեցնեն ձայների կեղծմանը։ Արձագանքելով նրանց՝ Թրամփն իր հերթական գրառման մեջ նշել է, որ «Twitter-ը փորձում է խառնվել 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին»։