Անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի վրա գրանցված վթարի և դրա հասցրած վնասի վերաբերյալ հարուցված քրեական գործը դեռևս նախաքննության փուլում է, նշանակվել է համալիր փորձաքննություն, հարցաքննվել են ԶՊՄԿ-ի ու ԱԻՆ-ի մի շարք աշխատակիցներ: Այս մասին հայտնել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, գրում է «Հետքը»։

Հիշեցնենք, որ 2019թ-ի հոկտեմբերի 17-ին «Զանգեզուրի պղնձմոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատարի՝ Ներքին Գիրաթաղ բնակավայրի հատվածում տեղի էր ունեցել վթար, ինչի հետևանքով պոչանքները լցվել էին Ողջի գետ:

Հոկտեմբերի 31-ին գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, հայտնելով, որ ԶՊՄԿ-ի խողովակաշարի վնասման և թափոնաջրերով Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ Սյունիքի մարզային դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ վտանգավոր քիմիական եւ կենսաբանական նյութերի և թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի աղտոտում, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Ա. Խաչատրյանը նաեւ տեղեկացրել է, որ նախաքննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեն, իսկ վերահսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը:

Հիշեցնենք, որ վթարի նույն օրը այն քննարկվել էր կառավարության նիստում: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, մասնավորապես, հայտնել էր, որ կոմբինատը պատկան մարմիններից գաղտնի է պահել վթարի փաստը՝ փորձելով սեփական ուժերով վերացնել այն: Շրջակա միջավայրի այն ժամանակվա նախարար Էրիկ Գրիգորյանն էլ հայտնել էր, որ Ողջի գետից փորձանմուշներ են վերցվել:

Հետագայում «Հետքը» ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հետաքրքրվել էր, թե 2018-2019 թթ. տեսչական մարմնի կողմից ԶՊՄԿ-ի վթարների քանի դեպք է արձանագրվել, և քանի անգամ է կատարվել նմուշառում: Հարցրել էինք նաև, թե արձանագրված վթարներից հետո ինչ քայլեր են ձեռնարկվել տեսչական մարմնի կողմից, քանի անգամ է տուգանք կիրառվել:

Պարզվել էր, որ 2 տարվա ընթացքում ընդամենը 2 վթար է արձանագրվել, որոնցից մեկը եղել է 2019թ-ի հուլիսի 7-ին: ԶՊՄԿ-ին պատկանող պոչատարի առաջին դյուկերի խողովակաշարի հանգույցում տեղի ունեցած վթարից հետո տեսչական մարմնի կողմից հարուցվել էր վարչական վարույթ: Դրա շրջանակներում Գեղի գետից իրականացվել էր ջրի նմուշառում և ուղարկել անալիտիկ հետազոտության: Արձանագրվել էր 5,014 տոննա կախյալ նյութերի արտահոսք: ԶՊՄԿ-ի նկատմամբ նշանակվել էր վարչական տուգանք՝ 100 հազար դրամի չափով, ինչպես նաև ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետեւանքով պատճառված վնասի հատուցման պահանջ՝ 79 հազար դրամ:

Երկրորդ վթարը հոկտեմբերին տեղի ունեցածն էր, որն այսօր սպասում է ոչ թե վարչական, այլ քրեական հանգուցալուծման: