Հունիսի 1-ից «Coursera» կրթական առցանց հարթակն ազատ հասանելի է դարձրել իր բոլոր դասընթացներն ամբողջ աշխարհի համալսարանների և քոլեջների ուսանողների համար։ Այս մասին գրում է «Meduza»-ն՝ հղում կատարելով առցանց հարթակի տարածած մամլո հաղորդագրությանը։

Ուսանողների համար հասանելի են դարձել ավելի քան 3 800 դասընթաց, ոլորտային փորձագետների կողմից վարվող շուրջ 150 ինտերակտիվ նախագիծ, 400 մասնագիտացումներ և որակավորման 11 պրոֆեսիոնալ ծրագրեր։ Բոլոր դասընթացներին կարող են մասնակցել և ստանալ վկայականներ միայն գործող ուսանողները և այս տարվա շրջանավարտները, որոնք ունեն ուսումնական հաստատությունների դոմեններով գրանցված գործող էլեկտրոնային փոստեր։

Դասընթացների անվճար գրանցումը բաց է մինչև հուլիսի 31-ը։ Ընտրված դասընթացների ավարտման վերջնաժամկետ է սահմանվել սեպտեմբերի 30-ը։ Դրանից հետո կպահպանվի միայն ուսանողների անվճար հասանելիությունը ոլորտային փորձագետների կողմից վարվող ինտերակտիվ նախագծերին։ «Coursera»-ի արտադրության գծով տնօրեն Շրավան Գոլին հայտարարել է, որ նախաձեռնությունը նպատակամիտված է օգնել լրագրողներին և շրջանավարտներին, որոնց առկա ուսուցումը և արտադրական պրակտիկան ընդհատվել կամ հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով։

Ապրիլի վերջին «Coursera»-ն իր դասընթացների անվճար հասանելիություն էր տվել բոլոր այն անձանց, որոնք կորոնավիրուսի պատճառով գործազուրկ էին դարձել։ «Coursera»-ն տրամադրում է ինչպես անվճար, այնպես էլ վճարովի դասընթացներ, սակայն վկայականներ ստանալու համար դասընթացի մասնակիցը պետք է վճարի։ Առցանց հարթակի տարեկան բաժանորդագրությունը կազմում է 399 ԱՄՆ դոլար։