Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշման նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով այն մասնագիտությունները, որոնցով Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, օրդինատուրայում առկա ուսուցմամբ սովորող և վարձու աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի՝ նրանց վճարած եկամտային հարկի գումարներից:

«Այսօր աշխատաշուկայում առկա են որոշ մասնագիտություններ, որոնք շատ դեպքերում թափուր են մնում դիմողների համապատասխան կրթություն և գիտելիք չունենալու պատճառով: Այս նախագծով կկանոնակարգվի բուհ-աշխատաշուկա կապը և հնարավորություն կընձեռի վարձու աշխատող հանդիսացող ուսանողներին ստանալու ուսման վարձի վերադարձ՝ վճարված եկամտային հարկի գումարներից», - նախագծում նշել է նախարարությունը։

Եկամտային հարկի գումարների վերադարձ կլինի կրթության, հումանիտար գիտության, արվեստի, պատմության, փիլիսոփայության, քիմիայի, ինֆորմատիկայի, ճարտարագիտության, արդյունաբերության, շինարարության, բժշկության բնագավառի մի շարք մասնագիտությունների դեպքում։ Ցանկին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ

Նախարարության գնահատմամբ՝ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, օրդինատուրայում առկա ուսուցմամբ սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը կխրախուսի երիտասարդ աշխատողներին՝ աշխատանքի անցնելիս աշխատանքային պայմանագիր կնքել գործատուի հետ և աշխատել օրինական դաշտում, աշխատող երիտասարդների մեջ կդաստիարակի աշխատելու և միաժամանակ հարկ վճարելու մշակույթը: