2020թ-ի մայիսին մարտի համեմատ կորոնավիրուսով հիվանդացությունն աճել է 13 անգամ, հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Արտավազդ Վանյանը։

Նա կոչ է արել չմասնակցել հանդիսությունների, հոգեհանգիստների, թաղման արարողությունների, քանի որ դրանց պատճառով բռնկումներ են առաջանում։ Վարակի տարածումը խթանում է նաև ուխտագնացություններին մասնակցությունը, Վանյանը հորդորել է խուսափել նաև բազմամարդ այգիներում զբոսնելուց։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ սահմանափակումների շրջանը տեսած լինելով, իրենք գիտեն, որ այն բերում է շատ լուրջ և գրեթե աղետալի տնտեսական և սոցիալական հետևանքների։

«Մենք կարող ենք նորից փակվելու արդյունքում հայտնվել այնպիսի տնտեսական ճգնաժամի առաջ, որ երկար տարիներ չկարողանանք հաղթահարել, սա իսկապես օրհասական և պատասխանատու պահ է, որը յուրաքանչյուրիցս պահանջում է առանձնակի պատասխանատվություն»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ում դե յուրե խիստ ռեժիմ է սահմանված, խնդիրը «դե ֆակտոյի» մեջ է։ Փաշինյանի խոսքով հանրություն-կառավարություն հարաբերություններում հոգեբանական խնդիր կա․ Կառավարությունը հակահամաճարակային կանոնները պարտադրելիս չի կարողանում անցնել այդ հոգեբանական գիծը։ Վարչապետը նշել է` Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է ապացուցեն, որ պատրաստ են իրավիճակին համարժեք խիստ միջոցներ իրականացնել։