Հայաստանի ազգային կինոկենտրոնի (ՊՈԱԿ) տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և Տավուշի մարզային հեռուստաընկերության (Տավուշ-TV) գլխավոր պրոդյուսեր Նիկոլայ Գրիգորյանը օրերս ստորագրել են համագործակցության հուշագիր։

Համագործակցության նպատակն է հայկական կինոն հասանելի դարձնել երկրի սահմանամերձ ու հեռավոր շրջաններում՝ ապահովելով մարզերում մշակութային արտադրանքի (ֆիլմերի) հասանելիությունն ու մատչելիությունը, հաղոդակից դարձնելով մարզերի բնակչությանը ժամանակակից կինոպրոցեսներին։

Տավուշի մարզը Հայաստանի հեռավոր սահմանապահ բնակավայրերից է և տեղի սահմանամերձ գյուղերում հայկական ժամանակակից ֆիլմերի ու մեր կինոժառանգության նմուշների շարունակական ցուցադրումները չափազանց կարևոր են։

Հուշագրի համաձայն՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնն այսուհետ ցուցադրության նպատակով, պարբերաբար Տավուշ TV-ին կտրամադրի ֆիլմերի փաթեթներ (գեղարվեստական, վավերագրական, անիմացիոն, գիտահանրամատչելի, մանկական և այլն)՝ իրենց օրինակներով։

Հաջորդիվ, երբ կնահանջի համաճարակը, և հնարավոր կդառնան ազատ շփումները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախատեսում է կազմակերպել բացօթյա ցուցադրություններ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում: