Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է, որ Հայաստանում համաճարակային վիճակն էլ ավելի է վատանում, 697 նոր դեպք է գրանցվել։

Նա հավելել է, որ սա նշանակում է, որ արդեն մի իրավիճակում ենք, երբ բուժհաստատություններն «ուղղակի ճկռում են» ու չեն կարողանում բոլորին, ում անհրաժեշտ է, ժամանակին հոսպիտալացնել։

Վարչապետը հայտնել է նաև, որ մահվան 15 դեպք է գրանցվել՝ 6-ը կորոնավիրուսից, 9-ը՝ այլ պատճառով։

Այդպիսով մահվան դեպքերը կորոնավիրուսից 176 են, իսկ այլ պատճառով՝ 68։

Փաշինյանը հավելել է՝ կան մարդիկ, որ վարակված լինելով, իր նման շարունակում են կյանքը սովորական ռեժիմով՝ այսինքն, ըստ վիճակագրության, ասիմպտոմ հիվանդների 10%-ի մոտ է հետագայում սիմպտոմներ առաջանում։ Ըստ նրա՝ հիվանդների մոտ 75%-ի մոտ վարակն ասիմպտոմ է ընթանում։ Նա նշել է՝ մոտ 20-30,000 վարակված կա, ովքեր չունեն սիմպտոմներ ու չգիտեն, որ վարակակիր են, ու վարակում են մյուսներին:

Նա տեղեկացրել է նաև, որ իր ընտանիքի անդամներից ոչ ոք թոքաբորբ չունի։