ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսպիսով, դատական համակարգը՝ նախկին իշխանությունների ու օլիգարխիայի հետ միասին, շարունակում է պատերազմն ընդդեմ պետության ու քաղաքացիների, ընդդեմ օրինականություն հաստատելու ջանքերի, կոռուպցիան մերժելու ու թալանածը ժողովրդին վերադարձնելու հանձնառության։ Այս վճիռը ևս մեկ անգամ վկայում է դատավորների շրջանում համատարած վեթինգի՝ զտման իրականացման անհրաժեշտության մասին։

Մեր նախաձեռնած վեթինգի դիմադրական շարժումն արդեն իսկ ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։ Հայտնեմ, որ պայմանավարվածություն ենք ձեռք բերել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ՝ հաջորդ շաբաթ հանդիպելու ու գործող կառուցակարգերի շրջանակներում դատական համակարգում վեթինգի իրականացման համալիր փաթեթ մշակելու վերաբերյալ։

Վեթինգն անխուսափելի է, վեթինգ լինելու է ու դրա արդյունքում դատական համակարգից դուրս են շպրտվելու բոլոր այն հանցագործ դատավորները, որոնք սպասարկում են նախկին իշխանությունների ու օլիգարխիայի շահերը։ Այս և համանման այլ վճիռների համար նրանք պատասխան են տալու օրենքի ու ժողովրդի առաջ»։