Հունիսի 15-ից կամավորներ են շրջում փողոցներում ու դիմակ են առաջարկում նրանց, ովքեր չեն կրում: Այս մասին պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կառավարությունը փնտրում է ներկայիս իրավիճակի ու տոտալ լոքդաունի միջակայքում մոբիլությունն ու ակտիվությունը սահմանափակելու որևէ միջանկյալ տարբերակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է «Պանարմենիան»-ը։

Բացի այդ, վարչապետը նշել է, որ հանձնարարել է ոստիկաններին՝ նրանց, ում տուգանում են 10,000 դրամով դիմակ չկրելու համար, դիմակ տալ այդ նույն մարդկանց:

«Վերջին շատ երկար շրջանում ՀՀ քաղաքացիներին առաջարկել ենք երկու ամենաէֆեկտիվ մեթոդները՝ կրել դիմակ ու պահպանել հեռավորություն, բայց դրանք չեն պահվել ու արդյունք չեն տվել մի պարզ պատճառով՝ կանոնների չկատարման զանգվածային իրողության հետ գործ ունենք: Մեր խնդիրն է՝ ինչպե՞ս անել, որ քաղաքացին կրի դիմակ, ո՞նց պարտադրել ու համոզել: Սա պետք է լինի զանգվածային հակահամաճարակային շարժում, մթնոլորտն այնպիսին լինի, որ դիմակ չկրելը լինի ամոթ, որ մի քաղաքացին մոտենա մյուսին ու ասի՝ «ինչու չես կրում դիմակ, հարգելիս»,- նշել է նա: