ՀՀ-ում հունիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածներից 444-ը ծանր վիճակում է, 139-ը՝ ծայրահեղ ծանր, նրանցից 39-ը թոքերի արհեստական օդափոխության սարքերի են միացված։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ 143 հոգի հոսպիտալացման կարիք ունի, նրանցից 25-ը տանն են, 9-ը թեթև ծանրության են, 16-ը՝ միջին, բայց կարիք ունեն հոսպիտալացման։

Տանը ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ չկան, սակայն կան այլ՝ ոչ նեղ մասնագիտացված ԲԿ-ներում գտնվող քաղաքացիներ։ Նախարարը նշել է, որ ներկայացված թվերի նվազման միտում չկա։

Թորոսյանի խոսքով՝ այժմ 263 մահճակալ է հատկացված միայն կորոնավիրուսով հիվանդներին և ազատ մահճակալներ չկան։ Ըստ նրա՝ ՀՀ-ում վարակակիրների թիվն ավելի արագ է աճում, քան մոբիլիզացվող մահճակալների թիվը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ ՀՀ-ում կորոնավիրուսի վարակման թվերն իջեցնել չի հաջողվում, քանի որ հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում։ Նա ասել է, որ ավելի կոշտ վարչական մեթոդներ են կիրառվելու։

Վարչապետը նշել է, որ պետական բոլոր մարմինները, որոնք գործ ունեն քաղաքացիների հետ, պետք է կարգավորեն հերթերը՝ ոչ միայն բուն տարածքում, այլև տարածքից դուրս։

Փաշինյանը կրկին նշել է, որ բակերը վարակի տարածման հիմնական աղբյուրն են։

Վարչապետը հայտնել է, որ շուտով մեկ դիմակը քաղաքացին կկարողանա ձեռք բերել 60 դրամով և հիշեցրել՝ այն կանխում է վարակի տարածման տեմպը։

«Մահացությունների թիվը, ըստ էության, կապի մեջ է հիվանդության ընդհանուր թվի հետ։ Այսինքն՝ որքան մեծ են հաստատված դրական դեպքերը, այնքան մեծ է մահացության թիվը»,- ասել է նա՝ հորդորելով հետևել հակահամաճարակային կանոններին։