Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման և դրանց զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն, սակայն որքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրեն ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում այն հարթել և հարթելու է իր ճանապարհը։ Այդ մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի աշխատակազմում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ ձեռնարկվելիք քայլերի քննարկմանը։

Նաղդալյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ. դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է: Այդ են վկայում Թուրքիայի բազմաթիվ հայտարարությունները և գործողությունները՝ այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

«Մեզ և միջազգային հանրության համար Հայոց ցեղասպանությունն իրողություն է, որը նաև հիմք է ծառայել Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման 1948թ․ կոնվենցիայի մշակման և դրա հիման վրա ներկայումս ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար»,- հավելել է նա՝ նշելով, որ ժխտողականությունն ապագա չունի, անկախ՝ ով և ինչպես կփաթեթավորի այն։