Կառավարության ընդունած նոր օրինագծով արգելվում է Սևանա լճում արդյունագործական որսը՝ բոլոր ձկնատեսակների համար, բացի սիգից և կարասից։ Ձկների արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի) և օրվա լուսային ժամերին։

Արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքը կիրականացվի միմիայն նախագծում նշված 17 տեղամասերից։

Սևանում շրջակա միջավայրի նախարարությունը սահմանում է ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարել ապօրինի ձկնորսության դեմ և գործուն քայլեր ձեռնարկել Սևանի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ։

Ըստ նախագծի՝ սիգի որսն իրականացվում է Մեծ Սևանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։

Ձկնորսության համար թույլատրելի քաշ է սահմանվում ոչ պակաս, քան 500 գրամը։ Հաշվի առնելով ձկների ձվադրման շրջանը՝ որսն արգելվում է հոկտեմբերի 1-ից մինչև 2021թ-ի մարտի 1-ը։