ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատարանին:

«Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու: Մենք գտնում ենք, որ դատարանի նախագահն իր ցանկությամբ ընտրում է դատավորի և մակագրություն իրականացնում: Գտնում ենք, որ այս կարգն ի սկզբանե խախտում է արդար դատաքննության իրավունքը»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ պատահականության սկզբունքով պետք է լինի դատավորի ընտրությունը՝ չի կարող այնպես լինել, որ պետությունը, դատարանի նախագահը որոշեն դատավորին:

Սարգսյանը շեշտել է՝ իրենք բարձրաձայնում են ոչ այնքան ընտրված դատավորի, որքան Շենգավիթի դատարանի հարցը, որովհետև Շենգավիթի նստավայրում, բացառությամբ մեկ-երկու դատավորի, մնացածների հետ խնդիրներ են ծագում:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել դատարանից և ասել, որ կարող է ևս մեկ անգամ հաստատել՝ սա շինծու գործ է։