ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արևելյան գործընկերության գագաթնաժողովի տեսակոնֆերանսի ժամանակ՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փաստերը խեղաթյուրող և անհիմն հայտարարությանը, հիշեցրել է Բաքվի ռասիստական քաղաքականության մասին։

Մասնավորապես, Փաշինյանն ընդգծել է այդ երկրի իշխանությունների կողմից մինչ այժմ իրականացվող ռասիստական քաղաքականությունը, որպես օրինակ բերելով Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու քայլը: Նա շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սեփական ապագան կառուցելու իր որոշման մեջ հաստատակամ է և պատրաստ պաշտպանելու իր անվտանգությունը՝ համարժեք արձագանքելով ցանկացած ոտնձգության:

Վարչապետը ևս մեկ անգամ կոչ է արել Ադրբեջանի նախագահին կառուցողական մոտեցում ցուցաբերել, և, ի վերջո, հրապարակային համաձայնվել նախկինում առաջ քաշած իր բանաձևին․ թե Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: