Հունիսի 18-ի դրությամբ` Ռուսաստանից կազմակերպվող չարտերային չվերթերով Հայաստան վերադառնալու համար դիմում-հայտ ներկայացրած քաղաքացիների թիվը գերազանցել է 25,100-ը։ Այդ մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Չվերթերի հաճախականությունը հունիսի ընթացքում ավելացել է՝ ընդգրկելով նաև թռիչքներ դեպի Հայաստան ռուսաստանյան այլ քաղաքներից (Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Սոչի, Եկատերինբուրգ և այլն)։ Այս ուղղությամբ աշխատանքները շարունակական բնույթ են կրում և առաջիկայում ևս նախատեսված են չարտերային չվերթեր։

«Այդուհանդերձ, ստեղծված կարանտինային իրավիճակի պայմաններում, իրատեսական չի դիտվում ապահովելու բոլոր ցանկացողների վերադարձը նշված չվերթներով»,- ասվում է գրառման մեջ։

Դեսպանությունը կոչ է անում ՌԴ-ում գտնվող հայաստանցիներին սպասել կանոնավոր թռիչքների վերականգնմանը։

Իրականացվող չվերթերը նախատեսված են առաջնահերթ հայրենիք վերադարձող ՀՀ քաղաքացիների համար։ Դրանցից կարող են օգտվել նաև երկքաղաքացի հանդիսացող դիմումատուներն ու այն ՌԴ քաղաքացիները, որոնց ընտանիքի անդամ հանդիսացող ՀՀ քաղաքացիները գտնվում են Հայաստանում։