«Գազպրոմ Արմենիան» ստիպված է կրճատել մոտ 1000 աշխատակցի։ Այս մասին հայտնել է ընկերության տնօրեն Հրանտ Թադևոսյանը, գրում է Sputnik Armenia-ն։

Նա հայտնել է, որ ընկերությունում տարեկան աշխատավարձային ֆոնդը նվազել է 4 մլրդ դրամով ($8 մլն)՝ 18․9 մլրդ դրամի փոխարեն հասնելով 14․7 մլրդ-ի, իսկ դա նշանակում է, որ կրճատումների անհրաժեշտություն կա։

Թադևոսյանը նշել է, որ նորմատիվների համաձայն՝ ընկերությունում 7000 մարդ պետք է աշխատի, սակայն փաստացի աշխատում է 5800 հոգի․ վերջին տարիներին ընկերությունն աշխատակիցների է կրճատել այնտեղ, որտեղ անվտանգությանը վերաբերող սպառնալիքներ չկան։ Այժմ ստիպված են կրճատել գազի ցուցիչներ ստուգող տեսուչներին՝ մոտ 800 հոգու, և ևս 200 այլ գործառույթ ունեցող աշխատակցի։

Թադևոսյանը հայտնել է, որ պատրաստվում է նաև սեփական աշխատավարձը կրճատել և այդ խնդրանքով նամակ է ուղարկել ընկերությանը, մենեջերների աշխատավարձն ինքն է կրճատելու։