Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հունիսի 21-ի որոշմանը` մերժելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, հայտարարել է՝ քանի որ դատարանի կողմից «կայացվել է անհիմն և ապօրինի դատական ակտ», Դատախազությունն այն անպայման բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարան։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

Աբրահամյանը նշել է նաև, որ Դատախազության գնահատմամբ դատարանն անտեսել է և պատշաճ չի գնահատել խափանման միջոց կալանքի ընտրության հիմքերին վերաբերող միջնորդությամբ ներկայացված հիմնավորումները։

Նա հավելել է, որ չեն գնահատվել այն ռիսկերը, որոնք պայմանավորված են եղել ազատության մեջ գտնվելու դեպքում նախաքննության ընթացքում Ծառուկյանի փաստացի ղեկավարման ներքո գտնվող կուսակցական կառույցներում, նրանից ֆինանսական և անձնական այլ կախվածություն ունեցող անձանցից վերաբերելի փաստաթղթեր ձեռք բերելու անհրաժեշտության, ենթադրյալ հանցագործության կատարմանը ներգրավված աձանց հնարավոր բազմաթիվության, ենթադրյալ հանցագործությունների լայն աշխարհագրության պայմաններում իր կապերի և ֆինանսական ռեսուրսների, հանցագործության կատարմանը ենթադրաբար ներգրավված անձանց նկատմամբ ունեցած հեղինակությունն ու ազդեցությունը գործադրելու, նրանց նկատմամբ անօրինական ներգործություն ունենալու, գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու միջոցով քննության ընթացքին խոչընդոտելու դատարանին ներկայացված իրական ռիսկերը: