Մի խումբ անձանց կողմից որպես զենք գործադրվող առարկաներով բռնություն է գործադրվել «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամի նկատմամբ, 2 անձ ձերբակալվել է։ Այս մասին ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Հունիսի 21-ին «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի Տիչինա փողոցում մի խումբ անձինք ձեռքերով, ոտքերով և մահակներով ծեծել են իրեն՝ հայհոյանքներ հնչեցնելով իր և ՀՀ վարչապետի հասցեին՝ միաժամանակ վնասելով իրեն պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի վայրի զննությամբ Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցքի հատման վայրում հայտնաբերվել է 2 մահակ:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով (պատժվում է պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով):

Նույն օրը վարույթն իրականացնող մարմնին ինքնակամ ներկայացել է 2 քաղաքացի՝ ծնված 1989 և 1990թթ., և հարցաքննվել: Վերջիններս ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) նախատեսված արարք կատարելու կասկածանքով (պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով):

Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: