«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Սահմանադրությունում փոփոխությունների նախագծի ընդունման վերաբերյալ՝ հայտարարելով, որ ՍԴ դիմելու համար ստորագրահավաք կնախաձեռնի։

«Իմ քայլը» խմբակցությունն ընդունել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ինչն ակնհայտորեն հակասում է Սահմանադրության 169-րդ հոդվածին, ինչպես նաև ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածին, որով ուղղակիորեն նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո անպայմանորեն պիտի ներկայացվի Սահմանադրական դատարան՝ պարզելու առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը Սահմանադրությանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, օգտվելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2 կետով սահմանված լիազորությունից, նախաձեռնում է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ այսօր խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար»,- ասվում է դրանում:

ԲՀԿ-ն դիմել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ հորդորելով միանալ այս նախաձեռնությանը՝ «երկրում իրավական անվտանգությունը պաշտպանելու և սահմանադրական կարգի տապալումը կանխելու համար»։