«Հայաստան» համահայկական հիմնադրամը 55 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն է կատարել ի աջակցություն Լիբանանի կրթական հաստատությունների, որոնք երկրում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամային պայմանների պատճառով հայտնվել են դժվարին կացության մեջ։ Միջոցները հավաքագրվել են Ֆրանսիայի և Գերմանիայի հիմնադրամի տեղական կառույցների կողմից։ Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Այժմ, երբ մեր բոլոր ճիգերն ուղղված են սատարելու Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտին, կարևոր է նաև ձեռք մեկնել Լիբանանում անելանելի դրության մեջ գտնվող մեր կրթամշակութային օջախներին, ինչպես նաև տասնյակ տարիներ գործող հայալեզու լրատվամիջոցներին։ Լիբանանում սոցիալ-տնտեսական ծանր ճգնաժամն էլ ավելի ահագնացավ համավարակի տարածմամբ։ Աշխարհասփյուռ հայկական համայնքները համահայկական հիմնադրամի մշտական ուշադրության կենտրոնում են»,- նշում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

Ի հավելումն այս աջակցության, ընհանուր առմամբ 10 հազար ԱՄՆ դոլար համամասնաբար կտրամադրվի Լիբանանի հայկական լրատվամիջոցներին՝ «Ազդակ», «Զարթոնք» և «Արարատ» օրաթերթերին, ինչպես նաև «Վանայ Ձայն» ռադիոկայանին։

Հիշեցնենք նաև, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2019թ-ի դեկտեմբերին Լիբանանի Ազգային առաջնորդարանի միջոցով հայկական 18 կրթական հաստատությունների էր փոխանցել 150 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն, որից 50 հազարը՝ Արցախի կառավարությունից։