Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած խորհրդատվական բարձրագույն կոմիտեի նիստում որոշում է կայացվել ստեղծել հատուկ մարմին, որը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության հերքմամբ։

Էրդողանի հրահանգավորմամբ նոր կառույցը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության թեմայով նոր մարտավարության մշակմամբ, ինչպես նաև միջազգային հարթակներում այդ թեմայի շուրջ զարգացումներին պատասխան քայլեր կազմելու գործառույթով։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։

Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ նման գաղափար ծագել էր դեռ 3 ամիս առաջ, երբ ԱՄՆ կոնգրեսի օրակարգ էր բերվել Հայոց ցեղասպանության բանաձևը, իսկ ամերիկյան դատարաններում սկսեցին քննվել Թուրքիայի դեմ հայերի ներկայացրած հայցերը։

Նշյալ կոմիտեի նիստում ընդգծվել է, որ մինչ օրս չկա մեկ միասնական մարմին, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության հերքմանն ուղղված փաստերի հավաքմամբ և միասնական քաղաքականության մշակմամբ։ Էրդողանը հրահանգել է հնարավորինս արագ ավարտել նախատեսվող կառույցի ստեղծման աշխատանքները։