Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը դատական հայց է նեկայացրել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի դեմ՝ իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին մարզպետի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Նշենք, որ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը 13.01.2020թ. թիվ 19-Ա որոշումով Լոռի Բերդ համայնքի ղեկավարին տուգանել էր նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի` 150 000 դրամի չափով: Ըստ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին մարզպետի վերը նշված որոշման՝ Արայիկ Ներսիսյանը չի կանխել համայնքի տարածքում հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը: Այս մասին գրում է «Հետք»-ը։

Բացի այդ, մարզպետը պարտավորեցրել էր, որ Լոռի Բերդի համայնքապետը մեկամսյա ժամկետում վերացնի «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտագության տեսչության» կողմից կազմված նշված խախտումները։

Համայնքի ղեկավարն էլ դիմել է վարչական դատարան, որտեղ երրորդ անձ է ներգրավվել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, որի կազմած ակտն էլ հիմք է հանդիսացել իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու համար: