ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կնքել են 20 միլիոն դոլարի վարկային պայմանագիր։

ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված ֆինանսական միջոցները Բանկը կուղղի Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հետևանքով տուժած միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Համաճարակից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսական միջոցները տրամադրվելու են ինչպես դրամով, այնպես էլ դոլարով։

«Այս բարդ ժամանակահատվածում մեզ համար շարունակում է կարևոր մնալ Հայաստանում միկրո և ՓՄՁ-ների ֆինանսավորման գործընթացի պատշաճ կազմակերպումը: Մեր վստահելի գործընկեր ՎԶԵԲ-ի հետ համագործակցության արդյունքում ներգրավված միջոցների շնորհիվ հնարավորություն կունենանք նոր շնչով ու նոր թափով աջակցել համավարակից տուժած միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին: Հատկապես այս իրավիճակում ՄՓՄՁ-ների ֆինանսավորման անխափան ընթացքը առաջնային նշանակություն ունի մեր երկրի տնտեսության կայունության համար»,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման փուլից սկսած ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՓՄՁ-ներին տրամադրել է մոտ 49.5 մլրդ դրամի վարկային միջոցներ՝ ավելի քան 32,000 գործընկերոջ:

Պանդեմիայի ընթացքում ՎԶԵԲ-ը Հայաստանում շարունակում է մնալ առանցքային գործընկեր, և այս ֆինանսավորումը կորոնավիրուսային համաճարակի ազդեցության դեմ պայքարին օժանդակելու և վերականգնմանը աջակցելու միջոցառումների միայն մի մասն է: