Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը և դատավոր Արևիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդ են վերցրել։ Այդ մասին հայտնել է ՍԴ աշխատակազմի ղեկավար էդգար Ղազարյանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ըստ նրա` ՍԴ նախագահի պարտականությունները դրվել են Ալվինա Գյուլումյանի վրա:

Հունիսի 26-ից ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, ըստ որոնց` բարձր դատարանի 9 հոգանոց կազմից հեռանում են այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է, իսկ Թովմասյանը դադարում է լինել ՍԴ նախագահ։

Այս փոփոխությունների արդյունքում նախկին Սահմանադրություններով ընտրված անդամներից նոր ձևավորվող կազմում կշարունակեն պաշտոնավարել Աշոտ Խաչատրյանը, Արևիկ Պետրոսյանը, Արայիկ Թունյանը և Հրայր Թովմասյանը։ Թովմասյանի պաշտոնավարման ժամկետը, ըստ գործող Սահմանադրության, լրանում է 10 տարի անց։ Այս փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ կազմում թափուր է մնալու 3 դատավորի պաշտոն։ Իսկ նախագահի պաշտոնը ժամանակավորապես մինչև ամբողջ կազմը համալրելը և այդ նոր կազմից նոր նախագահ ընտրելը կզբաղեցնի տարիքով ավագ դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը։

Փոփոխությունները չեն վերաբերում գործող Սահմանադրությամբ ընտրված դատավորներ Արման Դիլանյանին ու Վահե Գրիգորյանին: