Կոտայքի մարզի Առինջ համայնքը, համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հետևանքով, զրկվել է մոտ 4 մլրդ դրամից՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռնին» հողերի օտարման հետևանքով, հայտարարել է ԱԱԾ-ն։

Համայնքի ղեկավարը պայմաններ է ստեղծել Առինջի սեփականությունը հանդիսացող ընդհանուր 87.7 հա մակերեսով բնակավայրերի, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերը գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա փոխադրելու համար։

Արդյունքում նվազեցվել է նշված հողերի կադաստրային արժեքը՝ ավելի քան 3,9 մլրդ դրամից դառնալով մոտ 25 մլն դրամ՝ հնարավորություն տալով «Մուլտի Գրուպ Կոնցեռնին» ընդհանուր 87.7 հա մակերեսով հողակտորները ձեռք բերել զգալիորեն ցածր գնով: Այնուհետև անցկացվել է աճուրդ՝ ապահովելով աճուրդի երկրորդ մասնակցի ձևական ներկայությունը։ Ձևական աճուրդի ընթացքում անհամեմատ ցածր գնով՝ մոտ 29 մլն դրամով հողակտորներն օտարվել են «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությանը:

Այնուհետև, ձեռք բերված գյուղատնտեսական նշանակության հողամասից 0.22 հա մակերեսով հողատարածքը Առինջ համայնքի ղեկավարի որոշմամբ կրկին գյուղատնտեսական նշանակությունից փոխվել է արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների կատեգորիայի և այդ հողատարածքի վրա «Մուլտի Գրուպ Կոնցեռնի» պատասխանատու անձանց կողմից կառուցվել է մոտ 1860 մակերեսով քարե շինություն և բեռնատարների կայանատեղի համար նախատեսված ասֆալտապատ տարածք։

Արդյունքում Առինջ համայնքը զրկվել է մոտ 3․9 մլրդ դրամի չափով եկամուտ ստանալու հնարավորությունից։

Դեպքի առթիվ ԱԱԾ-ում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով) հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ: