«Գլենդել Հիլզի»՝ Գյումրու Մուշ թաղամասում 2010-12 թթ․ կառուցապատման առնչությամբ քրեական գործի շրջանակում կատարվել է մոտ 60 շենքի զննություն, քննության տվյալով՝ մոտ 20 մլրդ դրամի չարաշահում է եղել։ Այս մասին գրում է 1lurer.am-ը։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի խոսքով՝ առերևույթ պարզվել է, որ կատարված շինաշխատանքները եղել են թերի։ Ըստ նրա՝ փորձաքննությունից հետո կպարզվի ոչ միայն շենքի սեյսմակայունության հարցը, այլև այն, թե կառուցման ժամանակ «թալան եղել է, թե՝ ոչ»։

Գաբրիելյանի խոսքով՝ տասնյակ անձինք, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաներ են հարցաքննվել խոշոր չափի յուրացման գործով։ Գաբրիելյանը չի բացառել նաև, որ անհրաժեշտության դեպքում կարող է հարցաքննվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդրը։

Խոշոր յուրացման գործով հարցաքննվել են «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավարությունը, քաղաքաշինության այն տարիների նախարար Վարդան Վարդանյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ։