Ոստիկանության Կոտայքի վարչության Նաիրիի բաժնում քաղաքացու հաղորդման հիման վրա փաստական տվյալներ են ստացվել, որ 2017թ․ ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունների (28/16 ընտրատեղամաս) ժամանակ սև գույնի «Լանդ Քրաուզեր» մակնիշի ավտոմեքենայից ինչ-որ անձ իրեն առաջարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար յուրաքանչյուր անձի քվեի դիմաց 5000 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

Ընդունելով առաջարկը, նա վերցրել է ընդհանուր 15,000 դրամ գումար՝ իր, մոր և իր կնոջ կողմից նշված կուսակցության օգտին քվեարկելու համար, որից հետո նրանք քվեարկել են:

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով ՔՕ 154.2 հոդվածի 1-ին մասով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, պատժվում է տուգանքով կամ 1-3 տարի ազատազրկմամբ) և 154.2 հոդվածի 2-րդ մասով (պատժվում է տուգանքով կամ 3-5 տարի ազատազրկմամբ) հարուցվել է քրեական գործ։

Քննչական ենթակայության կարգով քրգործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության համար: