«Լիդիան Արմենիա» ընկերության՝ Ջերմուկ առողջարանային քաղաքի մերձակայքում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի մոտ հավաքված են մեծ թվով ջերմուկցիներ, որոնք հունիսի 30-ից խոչընդոտում են հանքի անվտանգության աշխատակիցների լրացուցիչ ուժերի մուտքը հանքի տարածք։

«Դեմ եմ Ամուլսարում հանքարդյունաբերությանը» շարժման հեղինակ, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանի խոսքով՝ բնակիչները սպասում են լրացուցիչ ուժերի կողմից տարածքի լքելուն։

Հայ բնապահպանների ճակատը հայտարարություն է տարածել, ըստ որի Ամուլսարում նոր պահնորդական կազմակերպությունը խախտում է պայմանավորվածությունը։

Ակտիվիստի ֆեյսբուքյան ուղիղ եթերից երևում է, որ այստեղ հերթապահում են նաև մեծ թվով ոստիկաններ։

Նախօրեին հայտնի էր դարձել , որ «Լիդիան Արմենիայի» կողմից պահնորդական ծառայություն իրականացնող ընկերությունը փոխվել է։ «Պանտերա սեքյուրիթիի» ընկերության աշխատակիցներին փոխարինելու էին եկել «Սեքյուրիթի» ընկերության աշխատակցիները, որոնք ծառայությունն իրականացնելու են զենքով և «Լիդիան Արմենիա»-ի հատկացրած տեխնիկայով, ինչին Ջերմուկի բնակիչները և Ամուլսարի պահապանները դեմ են: Նրանք խոչընդոտել են պահնորդական ծառայություն իրականացնողներին մտնել Ամուլսարի տարածք, սակայն մի մասին, այնուամենայնիվ, հաջողվել է։

Ջերմուկցիներին զայրացրել էր, որ քաղաքի տարածքում պահնորդային խմբի անդամները եղել են զենքով և մահակով, խմբի ներկայացուցիչը պարզաբանել է, որ այդ զենքն օրենքի սահմաններում խանութից գնված «շարիկով զենք» է, այլ ոչ ինքնաձիգ։

Պահնորդային ծառայություն իրականացնողները և Ամուլսարի շահագործման դեմ պայքարողները հունիսի 30-ին պայմանավորվածություն են ձեռք բերել, որ հաջորդ օրը ծառայողների մի մասը կլքի վայրը և կմնա այնքան ծառայող, որքան հերթապահել է մինչ այդ։