Հայաստանն արդեն բանակցություններ է վարում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծող՝ գործարար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերության, մի շարք միջազգային կառույցների հետ, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի 100-ից ավելի պատվաստանյութ է մշակվում, սակայն միայն մոտ 20-ը կարող են վերջնական դառնալ։

«Ամենայն հավանականությամբ, լինելու են պատվաստանյութեր, և լինելու են մի քանիսը։ Մենք հիմա բանակցություններ ենք վարում երկու ուղղությամբ։ Առաջինն ուղիղ արտադրողներն են, ես անձամբ եմ դրանք վարում։ Օրինակ՝ երեկ խոսել եմ Moderna ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, այդ վակցինան ամենահավանական թեկնածուներից է»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ բանակցություններ են վարում նաև միջազգային կազմակերպությունների հետ, որոնք աշխատելու են դրա հավասարաչափ բաշխման համար։ Նախարարի խոսքով՝ տարբեր գնահատականներով պատվաստանյութը կարող է հասանելի լինել 2020-ի վերջին կամ 2021-ին։ Թորոսյանը նշել է՝ փաստ է, որ այն լինելու է, և մարդիկ վերադառնալու են իրենց սովորական կյանքին։