Խորհրդարանական ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների դիմումի հիման վրա Ազգային ժողովում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ քննիչ հանձնաժողով կստեղծվի։ Այդ մասին ասվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի սեպտեմբերի առաջին հերթական նիստում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով կորոնավիրուսի (Covid-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով»,- ասված է Միրզոյանի հայտարարության մեջ։

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները դիմում էին ուղարկել Միրզոյանին՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով։