Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողին և նրա եղբորը հեղինակազրկելու համար հայկական արմատներ են փնտրում
Ադրբեջանում ընդդիմադիրներին հեղինակազրկելու նպատակով օգտագործվող միջոցներից մեկը նրանց ծագման մեջ հայկական արմատներ գտնելն է։
Ինչպես հայտնում է 1news.az-ը՝ խմբագրությունը նամակ է ստացել, որին կցված են եղել փաստաթղթեր, ըստ որոնց լրագրող, բլոգեր Մեհման Հուսեյնովի և նրա եղբոր՝ Էմինի մայրը հայ է եղել։
Նամակում նշվում է, որ եղբայրների մայրը՝ Ֆրանգիզ Բադիր Զադեն, որդեգրված երեխա է, իրական անունը՝ Եվգենիա Օվանեսովա․
«Ինչ հետաքրքիր պատկեր է ստացվում՝ Ադրբեջանում հանուն դեմոկրատիայի պայքարի առաջամարտիկ եղբայրների մայրը հայ է։ Չնայած նրանցից հանուն Ադրբեջանի ի՞նչ պայքարող»։
Այս թեմայով ընդդիմադիր Turan գործակալությունը գրում է, որ փաստաթղթերի լուսանկարներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ դրանք կեղծ են:
«Նամակում պնդում են, որ կինը որդեգրվել է Ղրիմի թաթարների կողմից, և երբ լրացել է նրա 20 տարեկանը, նա Խորհրդային Ղազախստանի ՔԿԱԳ-ում փոխել է անուն-ազգանունը։ Փաստաթղթերի բլանկները ռուսերենով և ադրբեջաներենով են, այնինչ Ղազախստանում ադրբեջաներենը պետական լեզու չի եղել»,- գրվում է կայքում։
Հուսեյնովը թեկնածություն է դրել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և խորհրդարանական ընտրություններին, ահազանգել ընտրախախտումների մասին։ Այս պահին նա Եվրոպայում բուժվում է քաղցկեղից։