Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում ձեռք է բերվել և բաշխվել թոքերի արհեստական օդափոխության 159 սարք, մինչև սեպտեմբերի վերջ կմատակարարվի ևս 30-ը։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ ներկայացնելով իրականացրած աշխատանքների արդյունքները։

Ձեռք է բերվել և բաշխվել մոտ 830 թթվածնի շարժական ապարատ։ Վերապրոֆիլավորել և կորոնավիրուսային հիվանդությամբ է զբաղվում մոտ 19 բժշկական հաստատություն, ծավալվել է 2612 մահճակալ, որից 287-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում:

Հուլիսի 6-ի դրությամբ 9086 պացիենտ գտնվում է առողջության առաջնային պահպանման օղակների հսկողության տակ։

Նշվում է, որ արտերկրից Հայաստան է ժամանել 46 մասնագետ, որից 1-ը Գերմանիայից, 18-ը` Ֆրանսիայից, 5-ը` Ռուսաստանից, 11-ը` Լիտվայից և ևս 11 բուժաշխատող` Իտալիայից:

Ժամանողները մասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, ինտենսիվ թերապիայի մասնագետներ, վարակաբաններ, համաճարակաբաններ, բուժքույրեր են: