Առաջիկայում Վրաստանը կբացի սահմանները 5 երկրի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի համար։

Այդ երկրի քաղաքացիները կկարողանան Վրաստան ժամանել միայն ուղիղ ավիաչվերթով, հայտարարել է կառավարության մամուլի քարտուղար Իրակլի Չիկովանին։ Այս մասին գրում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Վրաստանի կառավարությունը բանակցում է միջազգային ավիաընկերությունների հետ ավիահաղորդակցության և կանոնավոր չվերթերի վերականգնման շուրջ։ Մասնավորապես, գերմանական Lufthansa-ի հետ արդեն պայմանավորվածություն կա, որ օգոստոսին շաբաթական 2 չվերթ կիրականացվի դեպի Մյունխեն։ Բանակացություններ են ընթանում նաև Air Baltic-ի և Air France-ի հետ։

Վերոնշյալ երկրներից Վրաստան ժամանողները մինչ սահմանը հատելը պետք է հատուկ էլեկտրոնային հարցաշար լրացնեն՝ նշելով իրենց կոնտակտային տվյալները, տեղեկություններ վերջին 14 օրում ուղևորությունների մասին և Վրաստանում գտնվելու վայրը։

Ըստ այցելուի ցանկության, կամ եթե օդանավակայանում նրա մոտ 37-ից բարձր ջերմություն գրանցվի, կորոնավիրուսի առկայության ՊՇՌ թեստ կանցկացվի։

Պարտադիր թեստավորում կամ կարանտին է նախատեսված այն անձնաց համար, որոնք այցին նախորդող 14 օրում եղել են կորոնավիրուսի մեծ տարածմամբ երկրում, որը ԵՄ անդամ չէ։