Այսօր՝ հուլիսի 9-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ռեստորանների սեփականատերերը և աշխատակիցները։

Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ամբողջովին վերաբացվեն ռեստորանային համալիրները և հանդիսությունների սրահները, որտեղ արտակարգ դրության պատճառով արգելված են մարդաշատ միջոցառումները:

«Ժողովուրդը հինգ ամիս է՝ սոված է, ու ոչ ոքի չի հետաքրքրում, թե ինչ են անում, ոնց են անում: Թող կոնկրետ բան ասի, մենք էլ հասկանանք՝ ինչ ենք անում: Մեկը կգնա բանվորություն կանի, մի բան կանի: Մոլերը սաղ բաց են, ջերմաչափում են, թողնում են՝ մտնեն: Թող ռեստորաններն էլ ջերմաչափեն, հյուրերին թողնեն՝ մտնեն, էս մարդիկ աշխատեն: Ես մի երեխա ունեմ, երկրորդն էլ շուտով կծնվի, չգիտեմ՝ ինչ անեմ»,- նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Հարցին, թե աջակցություն ստացե՞լ են, ցուցարարը պատասխանել է, որ 68 հազար դրամ է ստացել ընտանիքը:

«Լույսի փող, գազի փող, տան վարձ, բանկերի փող ա, սաղ օրը sms-ա գալիս, ո՞նց մուծենք»,- նկատել է նա: