«Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Ֆիրդուսի» թաղամասի օտարման գործում առկա կոռուպցիոն ռիսկերի մասով։ Այս մասին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ 2008թ-ին թաղամասի հարցը գերակա հանրային շահ էր հռչակվել, տարածք ձեռքբերող հայտարարվել էր «Սիթի սենթր Դիվիլոփմենթ» ընկերությունը, որի հիմնադիրն է Էդուարդ Մելիքյանը։

2008թ-ին ծրագրի իրականացման վերաբերյալ ֆինանսական երաշխիքներ չէին ներկայացվել, իսկ ծրագիրը ձախողվել էր։ 2018թ-ին նույն տարածքի ձեռբերող է ճանաչվել «Դիանար» ընկերությունը, որի հիմնադիրը 2008թ-ին ծրագիրը ձախողած կազմակերպության ղեկավար, նույն Էդուարդ Մելիքյանն է։

Տարիների ընթացքում թաղամասի տարածքի վերաբերյալ գործարքի պայմանագրերը չեն հրապարակվել և մինչ օրս գաղտնի են պահվում։

Հայկ Մարտիրոսյանը բացատրում է, որ սա պարունակում է լուրջ կոռուպցիոն ռիսկեր․

«Այսօրվա դրությամբ կառավարությունը նույնպես հրաժարվում է հրապարակել այն ֆինանսական երաշխիքները, որոնք այդ կազմակերպությունները տվել են որպես այդ ծրագրի իրականացման երաշխիք»։