Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում» կորոնավիրուս է ախտորոշվել 10 երեխայի և 5 աշխատակցի մոտ: Այդ մասին տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը, գրում է «Հայկական ժամանակը»:

«Աշխատակիցներից մեկի մոտ թեթև ջերմություն է եղել, սրանով պայմանավորված էլ միանգամից թեստավորվել էին բոլորը: 21 երեխա է թեստավորվել և աշխատակիցները», -ասել է պատասխանատուն:

Որևէ մեկը հոսպտալացված չէ: Բոլորը մեկուսացված են հաստատության ներսում: Մտավախություն կա միայն մեկ աշխատակցի պարագայում: Վերջինս ունի շաքարային դիաբետ, սակայն նա ևս վատ ինքնազգացողություն չունի:

Հաստատությունում խիստ կարանտին էր սահմանված, սակայն, ըստ մամուլի քարտուղարի, ասել, թե վարակը որտեղից է թափանցել, անհնար է: Հաստատությունում գրանցված 80 երեխայից 21 էին այնտեղ գիշերում: Մյուսներն արտակարգ դրության հաստատումից հետո վերադարձել էին ընտանիք: