Երեկ՝ հուլիսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, հայկական կողմի համար անհասկանալի պատճառով, ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Ադրբեջանական ՈՒԱԶ-ն այրվել է միջդիրքային տարածքում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտնում է, որ Տավուշի (Թովուզի) ուղղությամբ մարտեր են, ունեն 2 զոհ և 5 վիրավոր։

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել Տավուշի նույն դիրքը՝ 82 մմ ականանետից և տանկից։

«Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Իր հերթին, ադրբեջանական ՊՆ-ն հայտնել է արդեն 3 զոհի մասին: Ավելի վաղ հայտարարվել էր ադրբեջանական կողմից 2 զոհի և 5 վիրավորի մասին։